Բարակ, նոսր ու ոչ առողջ մազեր ունեցող կանայք կարծում են, որ բնությունն իրենց պատժել է՝ զրկելով փարթամ ու գեղեցիկ մազերից։ Ամբողջ կյանքի ընթացքում նրանք փորձում են տարբեր սանրվածքների միջոցով մազերին արհեստական փարթամություն ու երկարություն հաղորդել։ Մինչդեռ առաջին հերթին հարկավոր է մազերը բուժել ճիշտ ճանապարհով։
Բարակ մազեր ունենալու գլխավոր պատճառներից մեկը ժառանգականությունն է, սակայն կան նաև մազաթափությանը նպաստող այլ պատճառներ՝

  • Ոչ ճիշտ խնամքը
  • Արդուկի ու վարսահարդարիչի հաճախակի օգտագործումը
  • Հաճախակի կատարվող պրոցեդուրաները՝ ներկում, գանգրացում
  • Ոչ ճիշտ սննդակարգը
  • Հիվանդություններ
  • Սթրեսներ

Շատ դեպքերում մազերը, որոնք բարակել ու նոսրացել են վերը թվարկված պատճառներով, կարելի է վերականգնել։

Grom.am-ը ներկայացնում է մի քանի խորհուրդ վնասված մազերը վերականգնելու համար։

Ի՞նչ անել

Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել սննդին՝ սննդակարգում ներառելով այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են վիտամիններով, սպիտակուցներով ու ամինաթթուներով։ Դա կօգնի ոչ միայն ապահովել ողջ օրգանիզմում վիտամինների ու օգտակար նյութերի պաշարը, այլև ունենալ առողջ ու գեղեցիկ մազեր։

Խորհուրդներ

Գոյություն ունեն դիմակների բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք հեշտությամբ կարելի է պատրաստել տանն ու օգտագործել։ Դիմակներն օգնում են «կենդանացնել» մազերն ու վերականգնել մազերի պաշտպանիչ շերտը։

Դիմակներ յուղերով

Կոսմետիկ յուղերը (երիժնակի յուղ (репейное масло), նշի յուղ և այլն) կարելի է տաքացնել ջրով լի բանկայի մեջ և մերսող շարժումներով քսել մազարմատներին։

Դիմակներ խոտաբույսերով

Անանուխը, հազրեվարդը, եղեսպակը, ռեհանը խառնում ենք, ավելացնում ենք 2 բաժակ խնձորի բնական քացախ, ավելացնում ենք 3 կաթիլ անանուխի յուղ, 5 կաթիլ նարդոսի յուղ։ Երկու շաբաթ թողնում ենք ապակե տարայի մեջ սենյակային ջերմաստիճանում։ Օգտագործելուց առաջ 2 ճ/գ լցնում ենք տաք ջրի մեջ և քսում մազարմատներին մերսող շարժումներով։
Շատ կարևոր է նաև շամպունների ու բալզամների ճիշտ ընտրությունն ու օգտագործումը։ Այս մասին մանրամասն կարող եք կարդալ «Ընտրում ենք շամպուն» և «Մազերի բալզամ․ ինչպես փափկեցնել չոր մազերը» հոդվածներում։

Այս քայլերին հետևելու դեպքում կարճ ժամանակում կհասնեք դրական արդյունքի։