Գեղեցիկ մազերը բացի այն, որ առանձնակի գրավչություն են հաղորդում, նաև մարդու առողջական վիճակի արտացոլումն են:
Բացի ժառանգական գործոնից, մազերի խտությունը, փայլն ու գեղեցկությունը մեծապես կապված են հանգիստ ապրելակերպի, ճիշտ սննդի, լավ կենցաղային պայմանների հետ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում մազերի վրա:
Մազերն էլ ոչ պակաս, քան մաշկը, մաքրման, խնամքի, սնուցման ու պաշտպանության կարիք ունեն:
Շատերս հաճախ բախվում ենք այն հարցին, թե ինչ հաճախականությամբ պետք է լվանալ մազերը, ինչպիսի շամպուն ընտրել և այլն:  Հենց այս մասին կխոսենք մեր այսօրվա հոդվածում:

Ինչպես լվանալ մազերը

Մազերը չի կարելի հաճախակի լվանալ, սակայն պետք է գիտակցել, որ ուշ-ուշ լվանալը նույնպես ճիշտ  չէ: Մազարմատները ծածկվում են ճարպի շերտով, փակում են ծակոտիներն ու խոչընդոտում  թթվածնի ներթափանցմանը:
Սակայն չպետք է մոռանալ, որ ճարպային շերտի առկայությունը ևս շատ կարևոր է. այն պաշտպանում է մազերը խոնավության, քամու, ուժեղ արևի անբարենպաստ ազդեցություններից: Հակառակ դեպքում դրանք դառնում են չոր և կորցնում են իրենց փայլը:
Եթե մազերը հաճախակի լվանալու կարիք կա, ապա պետք է ընտրել այնպիսի շամպուններ, որպեսզի հնարավոր լինի դրանց հաճախակի օգտագործումը:

  • Լվանալուց առաջ պետք է մազերը սանրել, հատկապես, եթե երկար են, որպեսզի խճճված մազերն ուղղվեն:
  • Ջուրը չպետք է լինի ինչպես շատ սառը, այնպես էլ շատ տաք: Միշտ հիշեք ՝ որքան մազերը յուղոտ են, այնքան ջուրը պետք է սառը լինի:
  • Չի կարելի պառկել քնելու թաց մազերով. այդպես մազերը խճճվում են ու հետո սանրելիս վնասում են մազերի կուտիկուլաները:
  • Մազերը խոնավ վիճակում սանրել չի կարելի. այդ դեպքում մազերը ձգվում ու կորցնում են իրենց կառուցվածքը:
  • Պետք է խուսափել շամպունը մազերին երկար թողնելուց. դա կարող է բացասաբար անդրադառնալ և՛ մազերի, և՛ գլխամաշկի վրա:

Ընտրում ենք շամպուն մազերի համար

Ոչ միշտ է հնարավոր ճիշտ շամպուն ընտրել միանգամից: Լվանալուց հետո շատ արագ էլեկտրականացող, անփայլ ու մի քանի ժամ անց արդեն յուղոտված մազերը սխալ ընտրված շամպունի վառ ապացույցն են:
Այդ դեպքում պետք է խուսափել այնպիսի շամպուններից, որոնցում պրոտեինների պարունակությունը մեծ է ՝ նախապատվությունը տալով խոտաբույսերից պատրաստված շամպուններին (երիցուկ, եղինջ և այլն): Իսկ չոր մազերի համար կարելի է ընտրել փափկեցնող ու սնուցող նյութերով հարուստ շամպուններ:

Եղեք խնամված և մի մոռացեք, որ մազերի խնամքը նաև Ձեր առողջության երաշխիքն է: