Առողջ ու ամուր եղունգներ ունենալ ոչ բոլորին է տրված։ Սակայն, ի ուրախություն մեզ, վնասված, թույլ ու փշրվող եղունգների համար կան խնամքի բազմաթիվ միջոցներ, որոնք օգնում են վերականգնել եղունգների առողջ ու գեղեցիկ տեսքը։

Ի՞նչն է եղունգների անառողջ լինելու պատճառը

Եղունգների թույլ և ոչ առողջ լինելու պատճառը վատ էկոլոգիական միջավայրն է կամ սխալ սննդակարգը։
Եթե եղունգների վիճակը սարսափելի չէ, խնամքը կարելի է իրականացնել ինքնուրույն։

Եղունգներն ամրացնելու համար կարելի է օգտագործել այնպիսի միջոցներ, որոնք կան յուրաքանչյուրիս տանը։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։

  • Առաջին տարբերակն աղն է, որը կարող է լինել ինչպես կերակրի, այնպես էլ ծովի։ Վերջինը կարող եք ձեռք բերել դեղատնից։
    Տաք ջուրը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք 2 ճ/գ աղ՝ պինդ զանգված ստանալու համար։ Ձեռքերն ընկղմում ենք ջրի մեջ և պահում այնքան, մինչև ջուրը սառչի։
  • Հաջորդ տարբերակը նշի յուղի օգտագործումն է։ Բամբակի շերտը պատում ենք մի քանի կաթիլ յուղով և քսում յուրաքանչյուր եղունգին։ Այն օգնում է փափկեցնել կոշտուկները, ազատել ձեռքերը կնճիռներից ու չորությունից։
  • Երրորդ տարբերակի մասին գիտեին նույնիսկ մեր տատիկները։ Խոսքը սովորական յոդի մասին է, որն ամրացնում է եղունգները՝ հաղորդելով առողջ տեսք։ Յոդը եղունգներին քսում ենք գիշերը, որպեսզի հասցնի ներծծվել, և առավոտյան ոչ մի հետք չմնա։
  • Առողջ եղունգներ ու ձեռքի մաշկ ունենալու հարցում կօգնի նաև թթվասերը։ Այն օգտագործում ենք որպես դիմակ։ Թթվասերը քսում ենք մաքուր ձեռքերին և 10-15 րոպե պահում։
  • Վերջին մեթոդը կիտրոնով ու ձիթապտղի յուղով դիմակն է։ Բաղադրիչները կարելի է օգտագործել ինչպես խառնած, այնպես էլ առանձին-առանձին։ Յուղի մեջ պարունակվող օգտակար նյութերն ամրացնում են եղունգներն, իսկ կիտրոնը հարստացնում է վիտամիններով։

Տեսնո՞ւմ եք, թե որքան հեշտ է։ Դե ուրեմն, ընտրեք Ձեզ հարմար տարբերակն ու գործի անցեք։