Սառնարանն ամենաօգտագործելի կենցաղային տեխնիկաներից մեկն է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել խոհանոցը։ Սակայն սառնարանում եղած սննդի մնացորդներն ու տհաճ հոտը դառնում են մանրէների աղբյուր, որոնք բացասաբար են անդրադառնում առողջության վրա։ Եվ որպեսզի խուսափենք այս խնդիրներից ու սառնարանն էլ ավելի երկար ծառայի, առաջարկում ենք ծանոթանալ մաքրության կանոններին։

Ինչի՞ց սկսել սառնարանի մաքրությունը

  • Բոլոր մթերքները հանում ենք սառնարանից, միացնում ենք հալեցման ռեժիմը, որից հետո այն անջատում ենք՝ մաքրման աշխատանքները սկսելու համար։
  • Հաջորդ քայլը սառնարանը բոլոր դարակներից ազատելն է։
  • Այնուհետև առանձին տարայի մեջ լցնում ենք տաք ջուր, ավելացնում ենք սոդան (1լ։1ճ/գ հարաբերությամբ), որը հիանալի միջոց է տհաճ հոտից ու կեղտից ազատվելու համար։
  • Փափուկ սպունգը թրջում ենք սոդայաջրով և մաքրում սառնարանը։
  • Սրբիչի օգնությամբ մաքրում ենք սառնարանի արտաքին ու ներքին մակերեսները, որից հետո դռնակը բաց ենք թողնում, որպեսզի լիովին չորանա։
  • Մաքրությունն ավարտելուց հետո տեղադրում ենք դարակները, կարգավորում սառնարանի ռեժիմն ու տեղավորում ենք մթերքները։

Մի քանի խորհուրդ սառնարանը ճիշտ խնամելու համար

  • Խորհուրդ է տրվում շաբաթական մեկ անգամ դարակներն ու արկղերը լվանալ։
  • Սնունդը պահել սննդային տուփերի կամ տոպրակների մեջ։
  • Բանջարեղենի ու մրգերի համար նախատեսված արկղերի հատակը պատել թղթով կամ պոլիէթիլենային թաղանթով։
  • Հաճախակի թարմացնել սառնարանը՝ հեռացնելով այն մթերքները, որոնք երկար ժամանակ գտնվում են սառնարանում և արդեն ժամկետանց են։
  • Մաքրությունը սկսել միայն սառնարանը հոսանքից անջատելու դեպքում, այլապես միացրած և դռնակը բաց վիճակում այն կարող է փչանալ։
  • Սառնարանը մաքրելիս չի կարելի անուշադրության մատնել ետևամասը։ Այնտեղ ժամանակի ընթացքում հավաքվում է փոշու հաստ շերտ, ինչը կարող է կոմպրեսորի անսարքության պատճառ դառնալ։

Դե ինչ, կարծում ենք վերը թվարկված խորհուրդները կօգնեն շատ արագ ու հեշտ մաքրել այս կարևոր կենցաղային տեխնիկան։
Կարդացեք ու եղեք տեղեկացված։