Ինչպես սպասքն, այնպես էլ կաթսաները հատուկ խնամք են պահանջում: Շատ հաճախ կաթսաները լվանում ենք այնպես, ինչպես ուզում ենք և կարճ ժամանակ անց դրանք դառնում են անպիտան օգտագործման համար: Իսկ մենք սկսում ենք բողոքել որակից, մինչդեռ սխալը պետք է փնտրենք ինքներս մեր մեջ: Ի՞նչ անել այս դեպքում, ինչպե՞ս արագ լվանալ կաթսաներն ու մշտապես պահպանել դրանց փայլը:
Նախևառաջ լվանալիս պետք է հաշվի առնել այն, թե ինչ նյութերից են պատրաստված: Ըստ դրա` պետք է առանձնացնել խնամքի ձևերն ու անցնել գործի: Միայն այդ դեպքում սպասքը կլինի մաքուր ու երկար ժամանակ կմնա լավ վիճակում, իսկ դուք կխնայեք ձեր ժամանակն ու նյարդերը:

Առաջարկում ենք ծանոթանալ տարբեր նյութերից պատրաստված կաթսաների (տապակներ, թավաներ և այլն) խնամքին:

  • Պողպատե կաթսաներն ու թավաները խոհանոցում ավելի հաճախ են օգտագործվում, այդ իսկ պատճառով դրանց վրա շատ շուտ են մնում հետքերը: Որպեսզի պողպատե կաթսաները պահպանեն իրենց փայլը, լվանալուց անմիջապես հետո պետք է չորացնել: Շատ կեղտոտ լինելու դեպքում կարելի է լվանալ քացախաջրով:
  • Պղնձե կաթսաների դեպքում մի փոքր այլ է: Դրանց փայլը վերադարձնելն ավելի հեշտ է: Ամենապարզ միջոցը քիչ քանակությամբ կավճի նստվածքը խոնավ կտորի վրա լցնելն ու զգուշորեն տրորելն է: Իսկ եթե կաթսան բավականաչափ կեղտոտ է, ապա կերակրի աղով ու քացախով պատրաստում ենք մածուկանման զանգված և լցնում կեղտոտված մակերեսին: 20 րոպե անց կաթսան կարելի է լվանալ:
  • Չուգունե տապակները, թավաներն ու կաթսաները, չնայած իրենց արտաքին կոպիտ տեսքին, ավելի նուրբ են, քան թվում է առաջին հայացքից: Ի տարբերություն պղնձի` դրանք ենթակա են ժանգոտման, այդ պատճառով պետք է պահպանել չոր վիճակում:
  • Լվանալուց առաջ չուգունե կաթսան պետք է լավ սառչի, այլապես կարող է ճաքճքել: Ժանգոտումը կանխելու համար այն լվանում ենք առանց նախօրոք թրջելու: Իսկ հետո զգուշորեն չորացնում ենք:
    Ալյումինե կաթսաները պետք է լվանալ տաք ջրով, ոչ շատ մեծ քանակությամբ սպասք լվանալու հեղուկով:
  • Բաց գույնի էմալապատ կաթսաները ժամանակի ընթացքում կարող են մգանալ: Որպեսզի նախնական գույնը վերականգնվի, պետք է դնել այն  սոդայի տաք լուծույթի մեջ, ապա լվանալ մաքուր ջրով:

Դե ինչ, արդեն գիտենք ամենապարզ միջոցները կաթսաները ճիշտ լվանալու համար: Մեզ մնում է հետևել այս կանոններին և երկար ժամանակ նոր կաթսաներ գնելու անհրաժեշտություն չի լինի: