Բոլորս էլ գիտենք, որ սեզոնափոխությունը պահանջում է զգեստապահարանի փոփոխություն, թարմացում։ Մինչդեռ ոչ բոլորս գիտենք, թե դա ինչպես պետք է անել։ Այդ իսկ պատճառով սխալ քայլերի հետևանքով հաջորդ անգամ չենք կարողանում կրել մեր սիրելի հագուստները։
Այսօր կփորձենք ներկայացնել այն սխալները, որոնք անում ենք հագուստը պահելիս։

Հագուստը կեղտոտ վիճակում պահել զգեստապահարանում

Նախքան սեզոնային հագուստը պահելը, հարկավոր է ուղարկել քիմմաքրման։ Խոսքն այս դեպքում վերնահագուստի մասին է։ Ոչ մի դեպքում կեղտոտ հագուստը չի կարելի պահել պահարանում։ Դրա հետևանքով մուշտակները կարող են խամրել, իսկ կաշվե իրերը՝ զրկվել առաձգականությունից։

Վակուումային տոպրակների սխալ օգտագործում

Չի կարելի վակուումային տոպրակների մեջ պահել մուշտակներն ու կաշվե հագուստը։ Անօդ տոպրակում դրանք ձեռք են բերում տհաճ հոտ, ինչպես նաև վնասվում է խավը։

Հագուստից քիչ կախիչներ

Կախիչները պետք է պահարանում լինեն նույնքան, որքան հագուստը։ Չի կարելի մեկ կախիչը ծանրաբեռնել 4-5 հագուստով։ Դրա հետևանքով հագուստը ոչ միայն ճմռթվում է, այլև չի շնչում։

Սխալ ընտրված կախիչներ

Կախիչն ընտրեք ըստ հագուստի չափերի, որպեսզի թևերի կամ ուսերի տարածքում կտորը չդեֆորմացվի։
Կախիչը պետք է համապատասխանի հագուստի ծանրությանն ու տեսակին։ Ծանր վերարկուները կամ մուշտակները չի կարելի կախել թեթև ու նուրբ կախիչներից։

Տարբեր գործվածք ունեցող հագուստները պահպանել նույն ձևով

  •  Տրիկոտաժն ու սվիտերները չի կարելի կախել կախիչներից, քանի որ ձգվում են ու դեֆորմացվում։ Դրանք կարելի է ծալել ու դնել դարակներում։
  • Երկար զգեստներն ու կիսաշրջազգեստները, որոնց փեշերը կպչում են պահարանի հատակին, ավելի լավ կլինի կախել ձողից՝ առանց կախիչի։ Այդպես լրացուցիչ արդուկելու կարիք չի լինի։
  • Նուրբ գործվածքներից բլուզներն ու վերնաշապիկները կարելի է կախել համապատասխան չափերի կախիչներից։
  • Հագուստը կախելիս չմոռանաք ամրացնել կոճակները։ Այդպես դրանք կպահպանեն իրենց տեսքն ու ձևը։

Ահա այն սխալները, որոնցից պետք է խուսափել սեզոնային հագուստը պահպանելիս։
Կարդացեք ու եղեք տեղեկացված։