Հագուստը հաճախակի կամ ոչ ճիշտ լվանալու հետևանքով կարող է կորցնել իր նախնական գույնը և ունենալ մաշված ու խամրված տեսք։
Հարց է առաջանում, իսկ ինչպե՞ս լվանալ հագուստը, որպեսզի այն պահպանի իր գույնը։ Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն խուսափել հագուստը փչացնելուց և թույլ կտան կրել այն երկար տարիներ։
Շատերը նախընտրում են նոր գնված հագուստը լվանալ, հետո միայն կրել։ Սա շատ կարևոր է հատկապես մանկական հագուստի դեպքում։ Եթե դուք էլ եք պատկանում այդ մարդկանց թվին, ապա նախքան լվանալը մի մոռացեք կտրել բոլոր պիտակները, ապա լվանալ ճիշտ ռեժիմով։
Նախքան լվանալն ուսումնասիրեք պիտակի վրա առկա ցուցումները, թե ինչպես պետք է լվանալ տվյալ հագուստը․ արդյոք թույլատրվո՞ւմ է լվացքի մեքենայով լվանալ, ի՞նչ ջերմաստիճան է պահանջվում և այլն։
Հագուստի գույնը պահպանելու համար հարկավոր է այն լվանալ հնարավորինս սառը ջրով։ Ջրի ջերմաստիճանը պետք է որոշել հագուստը լվանալուց առաջ՝ ըստ պիտակի վրա նշված թույլատրելիության։
Հագուստը լվանալիս անպայման պետք է առանձնացնել նաև գունային տարբեր երանգները։ Չի կարելի սպիտակ հագուստը լվանալ գունավորի հետ։
Դասակարգում պետք է անել ոչ միայն ըստ գույների, այլև ըստ գործվածքի ամրության՝ նուրբ և ամուր։ Միասին լվանալու դեպքում նուրբ կտորից կարված հագուստը կարող է փչանալ։

Մի քանի խորհուրդ՝

  • Եթե մուգ հագուստը խամրվել է, ապա լվանալու ընթացքում ավելացրեք խոշոր աղ։ Այն կվերացնի լվացքի փոշու հետքերը և կվերադարձնի հագուստի նախնական գույնը։
  • Քացախը հզոր միջոց է, որը երաշխավորում է հագուստի գույնի պահպանումը։ Այն ոչնչացնում է փոշու հետքերը և բացի այդ, նաև նպաստում գործվածքի փափկեցմանը։ Փորձեք սպիտակ քացախ ավելացնել լվացվելու ընթացքում և չանհանգստանալ հոտի համար․ այն անմիջապես վերանում է չորանալուց հետո։
  • Եթե խուսափում եք քացախի հոտից, ուրեմն Ձեզ օգնության կգա կիտրոնի հյութը։ Այն ոչ միայն պահպանում է գույնը, այլև հաճելի բույր է հաղորդում գործվածքին։Հետևեք այս քայլերին և մշտապես կունենաք գեղեցիկ ու նոր հագուստ։