Ամանորի նախօրեին բոլորս եռուզեռի մեջ ենք լինում, ուզում ենք հասցնել ամեն ինչ՝ գնումներ, մաքրություն, տոնածառը զարդարելու արարողություն և այլն։ Շատերը նույնիսկ անվերապահորեն հավատում են, որ տարին ինչպես դիմավորեն, այնպես էլ կանցնի և փորձում են ամեն ինչ անել այն կատարյալ դիմավորելու համար։
Այսօր կխոսենք ամենակարևորի՝ բնակարանի մաքրության մասին առանց որի տոնածառն ու մյուս զարդարանքները կկորցնեն իրենց փայլը։
Իսկ ինչպես անել մաքրությունը, որպեսզի այն մեզնից շատ ժամանակ չխլի, իսկ արդյունքը լինի կատարյալ: Շատ կարևոր է մաքրության հերթականությունը, որը պահպանելու դեպքում կունենաք շողշողուն բնակարան։

Ննջասենյակի մաքրություն

Անհրաժեշտ են՝
Ապակի լվացող միջոց
Մաքուր կտորներ
Փոշեծծիչ
Հատակի փայտ

 

  • Սենյակի մաքրությունը սկսում ենք ավելորդ իրերը հավաքելուց: Առաջին հերթին մաքրում ենք առաստաղի փոշին, այնուհետև անցնում ենք ջահերին: Որքան ջահերի կառուցվածքը բարդ է, այնքան փոշոտվելու հավանականությունը մեծ է լինում:
  • Սկսում ենք մաքրել կահույքը, պահարաները սկզբում դրսից, ապա ներսից՝ վերից վար սկզբունքով։ Սա ամենակարևոր պայմաններից մեկն է։ Եթե սկզբում մաքրենք հատակը, ապա կահույքը, գործը կկրկնապատկվի:
  • Կահույքից հետո հերթը միջսենյակային դռներինն է: Երկու կողմից լավ մաքրելուց հետո անցնում ենք վարդակներին ու անջատիչներին։ Թվում է, թե դրանք երբևէ չեն փոշոտվում, բայց սխալվում ենք։
  • Պատուհանները, պատուհանագոգերին ու ջեռուցման համակարգերը նույնպես հաճախակի մաքրման կարիք ունեն: Պատուհանները կարելի է մաքրել հատուկ ապակի մաքրող միջոցներով։
  • Մաքրում ենք հայելիներն ու հայելային մակերեսներն՝ օգտագործելով հատուկ մաքրող միջոցներ, որոնք հետքեր չեն թողնում:
  • Անցնում ենք հատակի մաքրությանը՝ նախ փոշեծծիչով, ապա խոնավ մաքրումով ազատվելով փոշու մնացորդներից:
  • Սենյակի մաքրությունն ավարտելուց հետո փոխում ենք սպիտակեղենն ու անցնում մյուս սենյակների մաքրությանը։

Խոհանոցի մաքրություն

Անհրաժեշտ են՝
Մաքրող ու ախտահանող միջոցներ
Սպասք լվանալու հեղուկ
Սպունգ
Ռետինե ձեռնոցներ

  • Խոհանոցի մաքրությունն ամբողջ բնակարանում թարմ օդի երաշխիքն է։ Ինչպես ննջասենյակի դեպքում, այստեղ նույնպես մաքրությունը սկսում ենք առաստաղից ու պատերից, այնուհետև անցնում ենք օդորակիչին, որը պատված է լինում յուղի հաստ շերտով։ Լավ կլիներ հնարավոր լինելու դեպքում հանել այն ու մաքրել, հակառակ դեպքում մաքրել հենց տեղում:
  • Մաքրում ենք խոհանոցի կահույքը՝ սրբելով դարակներն ու միևնույն ժամանակ ազատվելով ավելորդ համեմունքներից կամ չօգտագործվող մթերքներից:
  • Նույն սկզբունքով մաքրում ենք նաև սառնարանը: Սկզբում հանում ենք դարակաշարերը, տանում ենք լոգասենյակ ու որոշ ժամանակ թողնում, քանի որ սառը վիճակում տաք ջրով լվանալու դեպքում դրանք կարող են ճաքել: Սառնարանը մաքրում ենք դրսից ու ներսից: Այնուհետև լվանում ենք դարակներն ու պլաստմասսայե տարրաները, բայց անմիջապես չենք տեղադրում սառնարանում: Սպասում ենք, մինչև չորանան, իսկ այդ ընթացքում մաքրում ենք լվացարանակոնքը, սալիկներն ու խոհանոցային գոգնոցը: Կարելի է նախապես բոլոր մակերեսները մշակել մաքրող միջոցներով ու 15 րոպե թողնել, որպեսզի կեղտը հեշտությամբ հեռացվի: Նույն ձևով պետք է վարվել նաև ջեռոցի, միկրոալիքային վառարանի հետ:

Լոգասենյակի մաքրություն

Անհրաժեշտ են՝
Մաքրող, ախտահանող միջոցներ
Ռետինե ձեռնոցներ

  • Խոհանոցից հետո անցնում ենք դեպի լոգասենյակ: Լվացարանակոնքն ու զուգարանակոնքը պատում ենք մաքրող ու ախտահանող միջոցով, որոշ ժամանակ թողնում ենք, որպեսզի հեղուկն ինքնուրույն պայքարի կեղտի դեմ, ապա մաքրում ենք ինքներս:
  • Լոգասենյակի մաքրությունը նույնպես սկսում ենք օդորակիչից, այնուհետև անցնում ենք սալիկներին: Մաքրում ենք լոգասենյակում առկա պահարանները, իսկ վերջում՝ լվացարանակոնքը, զուգարանակոնքն ու հատակը:Բնակարանի մաքրությունն ավարտվում է նախասրահում, որն արդեն գիտենք՝ ինչպես մաքրել։ Հեռացնում ենք հավաքված աղբը ու եթե հոգնած չենք, զարդարում ենք տոնածառը:

Հետևեք այս քայլերին, և մաքրությունը կլինի հաճելի ու արդյունավետ։