Բոլորս էլ գիտենք, թե որքան կարևոր է մազերի ու գլխամաշկի խնամքը, եթե ուզում ենք ունենալ առողջ ու գեղեցիկ մազեր։
Grom.am-ը ներկայացնում է մազերի ամենօրյա ճիշտ խնամքի կանոնները։

Խնամքի առանձնահատկությունները

Խնամելիս պետք է անպայման հաշվի առնել մազերի տեսակը, ապա քայլեր ձեռնարկել՝ ընտրելով համապատասխան շամպուն ու խնամքի միջոցներ։

Յուղոտ մազեր

Պետք է խուսափել մազերը շատ տաք ջրով լվանալուց։ Պատճառն այն է, որ տաք ջրով լվանալու դեպքում ավելի շատ ճարպ է անջատվում, և արդյունքում մազերն ավելի յուղոտ են դառնում։ Մազերի յուղոտությունը նվազեցնելու համար կարելի է օգտագործել հատուկ դիմակներ։

Չոր մազեր

Չի կարելի մազերը հաճախակի լվանալ, եթե դրա անհրաժեշտությունը չկա։ Դրանք կզրկվեն բնական ճարպով սնուցվելուց, իսկ բնական ճարպը նպաստում է մազերի աճին։ Մինչ լվանալը կարելի է դնել խոնավացնող դիմակներ և ավելի հազվադեպ օգտագործել վարսահարդարիչ, քանի որ վերջինը նպաստում է մազերի չորությանը։

Ներկած կամ վնասված մազեր

Այս տեսակի մազերն առանձնակի խնամք են պահանջում՝ սկսած խնամքի միջոցների ընտրությունից։ Ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել, որ շամպունը

  • Չգրգռի ու չվնասի գլխամաշկը
  • Պահպանի ներկը երկար ժամանակ
  • Մազերին հաղորդի փափկություն

Բացի այդ, խորհուրդ է տրվում օգտագործել ինչպես հատուկ դիմակներ, այնպես էլ բալզամներ և այլ խնամքի միջոցներ, որոնք կօգնեն ունենալ առողջ մազեր։

Ինչպես լվանալ մազերը

Մազերի ամենօրյա խնամքի համար ամենակարևոր պայմաններից մեկը շամպունի ճիշտ ընտրությունն է։ Այն պետք է նախատեսված լինի ամենօրյա խնամքի համար։ Ինչպես նշեցինք, մազերը հաճախակի լվանալ չի կարելի, սակայն ուշ-ուշ լվանալը նույնպես չի խրախուսվում։ Այդ դեպքում մազարմատները ծածկվում են ճարպի շերտով, փակում են ծակոտիներն ու թույլ չեն տալիս, որպեսզի թթվածինը ներթափանցի։
Լվանալու կանոններին մանրամասն կարող եք ծանոթանալ «Մազերը կնոջ ամենաթանկարժեք զարդն են» հոդվածում։

Ինչպես սանրել մազերը

Մազերը չի կարելի տրորել ու հատկապես սանրել թաց վիճակում, քանի որ առավել նուրբ ու զգայուն են լինում, իսկ մազարմատները թուլանում են ու որակազրկվում։

Դե ինչ, կարծում ենք այս խորհուրդները կօգնեն Ձեզ մազերի ամենօրյա խնամքի հարցում։