Հագուստն առանձնակի խնամք է պահանջում, սակայն շատ հաճախ մենք անուշադրության ենք մատնում պիտակի վրա նշված ցուցումներն ու բոլոր տեսակի գործվածքները լվանում ենք միևնույն ռեժիմով։ Սխալ լվացման արդյունքում նոր հագուստը վերածվում է անպետք կտորի։ Սա վկայում է լվանալու կանոնները չպահպանելու մասին։ Ի՞նչ անել հագուստի նոր տեսքն ու որակը պահպանելու համար։

Ներկայացնում ենք ամենատարածված սխալները, որոնք կօգնեն պահպանել հագուստի պատշաճ տեսքն՝ անկախ որակից։

Մի չարաշահեք լվացքի փոշին

Երբեմն լվացքի փոշու քանակը չարաշահում ենք՝ մտածելով որքան շատ, այնքան ավելի լավ։ Մինչդեռ, երբ փոշին մնում է գործվածքի մեջ, խամրեցնում է հագուստը՝ հաղորդելով հին ու մաշված տեսք։ Բացի այդ, լվացքի փոշու ավելորդ կորուստ է լինում։

Մի տրորեք հագուստը

Երբ հագուստի վրա որևէ հետք է լինում, անպայման փորձում ենք տրորելով հեռացնել՝ արդյունքում վնասելով այն։ Խորհուրդ է տրվում հաշվի առնել գործվածքի նրբությունն ու խուսափել ուժգին տրորելուց։

Առանձնացրեք գործվածքն ըստ տեսակի

Կեղտոտ հագուստը պետք է տարբերակել ոչ միայն գույներով, այլև կտորի տեսակներով։ Այդպես կհեշտացնեք լվացման գործընթացն, ու նուրբ կտորից հագուստը կլինի պաշտպանված։

Մի ծանրաբեռնեք լվացքի մեքենան

Երբ լվացքի մեքենան ծանրաբեռնում ենք, ոչ միայն հագուստն է վատ լվացվում, այլև լվացքի մեքենան ժամանակի ընթացքում սկսում է կորցնել նախկին հզորությունն ու ծառայում է նախատեսվածից ավելի քիչ։

Մանր իրերի համար օգտագործեք հատուկ պարկ

Առանձնացրեք մանր իրերն ու դրանց համար օգտագործեք հատուկ ցանցանման պարկեր։ Դրանց շնորհիվ մանր իրերը հիանալի կլվացվեն ու չեն վնասի լվացքի մեքենան։

Մի մոռացեք լվացքի մեքենայի խնամքի մասին

  • Լվացքից հետո սպիտակեղենը երկար մի թողեք լվացքի մեքենայի մեջ։
  • Մաքրող միջոցի տարածման չափամանը ժամանակ առ ժամանակ լվացրեք ու չորացրեք:
  • Թմբուկի ռեզինը մաքրեք թղթե անձեռոցիկով, որպեսզի չոր ու մաքուր մնա:
  • 4 ամիսը մեկ անգամ կատարեք լվացքի մեքենայի լվացում։

Դե ինչ, կարծում ենք այս խորհուրդները կօգնեն Ձեզ ունենալ մաքուր ու ճիշտ խնամված հագուստ։

Կարդացեք ու եղեք տեղեկացված։