Հագուստը հաճախակի կամ ոչ ճիշտ լվանալու հետևանքով կարող է կորցնել իր նախնական գույնը և ունենալ մաշված ու խամրված տեսք։
Հարց է առաջանում, իսկ ինչպե՞ս լվանալ հագուստը, որպեսզի այն պահպանի իր գույնը։

Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն խուսափել հագուստը փչացնելուց և թույլ կտան կրել այն երկար տարիներ։

Շատերը նախընտրում են նոր գնված հագուստը լվանալ, հետո միայն կրել։ Սա շատ կարևոր է հատկապես մանկական հագուստի դեպքում։ Եթե դուք էլ եք պատկանում այդ մարդկանց թվին, ապա նախքան լվանալը մի մոռացեք կտրել բոլոր պիտակները, ապա լվանալ ճիշտ ռեժիմով։

  • Նախքան լվանալն ուսումնասիրեք պիտակի վրա առկա ցուցումները, թե ինչպես պետք է լվանալ տվյալ հագուստը․ արդյոք թույլատրվո՞ւմ է լվացքի մեքենայով լվանալ, ի՞նչ ջերմաստիճան է պահանջվում և այլն։
  • Հագուստի գույնը պահպանելու համար հարկավոր է այն լվանալ հնարավորինս սառը ջրով։ Ջրի ջերմաստիճանը պետք է որոշել հագուստը լվանալուց առաջ՝ ըստ պիտակի վրա նշված թույլատրելիության։
  • Հագուստը լվանալիս անպայման պետք է առանձնացնել նաև գունային տարբեր երանգները։ Չի կարելի սպիտակ հագուստը լվանալ գունավորի հետ։
  • Դասակարգում պետք է անել ոչ միայն ըստ գույների, այլև ըստ գործվածքի ամրության՝ նուրբ և ամուր։ Միասին լվանալու դեպքում նուրբ կտորից կարված հագուստը կարող է փչանալ։

Մի քանի խորհուրդ՝

  • Եթե մուգ հագուստը խամրվել է, ապա լվանալու ընթացքում ավելացրեք խոշոր աղ։ Այն կվերացնի լվացքի փոշու հետքերը և կվերադարձնի հագուստի նախնական գույնը։
  • Քացախը հզոր միջոց է, որը երաշխավորում է հագուստի գույնի պահպանումը։ Այն ոչնչացնում է փոշու հետքերը և բացի այդ, նաև նպաստում գործվածքի փափկեցմանը։ Փորձեք սպիտակ քացախ ավելացնել լվացվելու ընթացքում և չանհանգստանալ հոտի համար․ այն անմիջապես վերանում է չորանալուց հետո։
  • Եթե խուսափում եք քացախի հոտից, ուրեմն Ձեզ օգնության կգա կիտրոնի հյութը։ Այն ոչ միայն պահպանում է գույնը, այլև հաճելի բույր է հաղորդում գործվածքին։

Հետևեք այս քայլերին և մշտապես կունենաք գեղեցիկ ու նոր հագուստ։